National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.12.2022
Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է. Թագուհի Թովմասյան
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 20-ին արված հերթական հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հրատապ խնդրին՝ նշելով.

«Արդեն ավելի քան 9 օր է Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120.000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետեւանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետեւանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ ու տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է»:

Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ միջազգային հանրության կողմից անպատժելիության հետեւանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետեւանքների: «Բոլոր մատակարարումները, ելումուտն Արցախ պարզապես արգելափակված են: Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումն ագրեսորից Արցախի 120.000 բնակչության փրկության հասնելու հրամայական են»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

Այս իրավիճակում Թագուհի Թովմասյանը հատուկ խնդրանքով դիմել է Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային եւ ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վալերի Ֆադեեւին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը:

«Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120.000 վտանգված կյանքերի հանդեպ: Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է»,-եզրափակել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am